Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թուրքիայի Պետական խորհրդի անդամ, իրաւաբան եւ «Անգլոֆիլ ընկերակցութեան» հիմնադիր Սաիթ Մօլլան 1918 թուականին սկսել էր հրատարակել «Թուրքական Ստամբուլ» օրաթերթը:

«1919թ.-ի մարտի 25-ին թերթը հրապարակել է «Միութեան եւ առաջադիմութեան» կենտրոնական գրասենեակի՝ Յատուկ յանձնաժողովին յանձնարարական նամակը: Այն վերաբերում էր Հայոց ցեղասպանութեան ժամանակ հայերի տեղահանութեանը: Թերթն այդ նամակը կոչել է «Ողբերգական եւ սարսափելի փաստաթուղթ» եւ նշել, որ այն վերահրատարակուել է առանց որեւէ փոփոխութեան: Յանձնարարական նամակը բաղկացած էր 10 յօդուածներից, որոնք քայլ առ քայլ նկարագրում էին բոլոր այն գործողութիւնները, որոնք պէտք է իրականացուէին հայերի տեղահանման ընթացքում: Սրանք բոլոր այն գործողութիւններն են, որոնք նկարագրել էին գիտնականներ Թաներ Աքչամը, Դոնալդ Բլոքսհամը եւ Ուքուր Ումիթ Ունգեօրը որպէս տեղահանութեան մի մաս»,- գրում է The Armenian Weekly պարբերականը:

«Թուրքական Ստամբուլը» չի նշել նամակի աղբիւրը, աւելին՝ «Միութեան եւ առաջադիմութեան յանձնաժողովի» պահոցներն անհետացել էին Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանեան կայսրութեան պարտութիւնից յետոյ: Սակայն, անկախ այս ամէնից, ուշագրաւ է, որ գոյութիւն ունէին օսմանեան թուրքական պարբերականներ, ինչպիսիք էին «Թուրքական Ստամբուլը», «Ալեմդարը», «Փեյեմը», որոնք քննարկում եւ քննադատում էին «Միութեան եւ առաջադիմութեան յանձնաժողովը» Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ:

Փաստաթղթի դրոյթները՝ ստորեւ: 1. Կիրառելով «Ընկերութիւնների մասին օրէնքի» 3-րդ եւ 4-րդ յօդուածները՝ փակել բոլոր հայկական ընկերութիւնները, ձերբակալել դրանց գործադիր անդամներին, որոնք ընդդիմանում էին «Միութեան եւ առաջադիմութեան յանձնաժողովի» կառավարութեանը, արտաքսել նրանց այնպիսի ծայրամասեր, ինչպիսիք են Մոսուլն ու Բաղդադը, իսկ ճանապարհին կամ տեղ հասնելիս` սպանել:

2. Հաւաքել հայերի ամբողջ զէնքը:

3. Ազդել մահմեդական հասարակութեան կարծիքի վրայ համապատասխան միջոցներով, կազմակերպել մի շարք միջադէպեր (այնպէս, ինչպէս Ռուսաստանն էր արել Բաքւում) Վանում, Էրզրումում, Ադանայում, որտեղ հայերն իրենց գործողութիւններով են վաստակել մահմեդականների ատելութիւնը:

4. Էրզրում, Վան, Մամուրեթ-ուլ-Ազիզ եւ Բիթլիս քաղաքներում գործողութիւնների իրականացումը թողնել բնակչութեան վրայ: Զօրքերը կիրառել եւ ռազմական ուժերի գործողութիւնները ներկայացնել այնպէս, կարծես նրանք կանխում են ջարդերը, իսկ ռազմական վայրերում, ինչպիսիք են Ադանան, Սեբաստիան, Բուրսան, Իսմիթ եւ Իսմիր քաղաքները, հակառակը` աջակցել մահմեդականներին:

5. Դպրոցի ուսուցիչների, յատկապէս` 50-ից ցածր տղամարդկանց ոչնչացնելու միջոցներ ձեռնարկել: Թողնել կանանց եւ երեխաներին` յետագայում մահմեդականացուելու:

6. Ոչնչացնել բոլոր այն փախչել յաջողեցրած մարդկանց ընտանիքները եւ քայլեր ձեռնարկել, որպէսզի նրանք ամբողջովին կորցնեն կապն իրենց հայրենի քաղաքների հետ:

7. Լրտեսութեան մէջ մեղադրելով՝ պաշտօնանկ անել բոլոր հայ պաշտօնեաներին իրենց կառավարական հիմնարկներից եւ մասնաճիւղերից:

8. Համապատասխան կերպով ոչնչացնել բանակում ծառայող տղամարդկանց:

9. Անմիջապէս սկսել բոլոր այն գործողութիւնները, որոնք ժամանակ չեն թողնի պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար:

10. Գաղտնի պահել այս յանձնարարական նամակը եւ առաւելագոյն խնամքով պահել մէկ կամ երկու անձանց մօտ:

«Նամակում նկարագրուած յանձնարարականների համաձայն` արտաքսուած հայերը յետագայում սպանուել եւ ոչնչացուել են: Մենք հրապարակում ենք նամակն այնպիսին, ինչպիսին որ է»,- գրել է «Թուրքական Ստամբուլ» պարբերականը 1919թ. մարտի 25-ին: